100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել է 92.000-ը
100-ից բարձր տարիքի ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 92 000-ը: Այս տվյալները հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք Ավագների մեծարման օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ի հրապարակումից:
Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում ապրում է 100-ից բարձր տարիքի 92 139 քաղաքացի։ Երկարակյացների թիվն ավելանում է ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ։ Այս տարի 100-ից բարձր տարիքի անձանց թիվը երկրում ավելացել է 1500-ով։ Երկարակյացների շուրջ 89%-ը բաժին է ընկնում կանանց։
Նախարարությունը նշում է, որ այս տարի իր 100-ամյա հոբելյանը նշում է 47 107 մարդ, ինչի կապակցությամբ նրանց կուղարկվեն շնորհավորագրեր և հուշանվերներ։
Երկարակյացների թիվը Ճապոնիայում անշեղորեն աճում է առնվազն 1963 թվականից ի վեր, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության օրենքը: Այն ժամանակ երկրում կար 100-ից բարձր տարիքի 153 մարդ։ 1981 թվականին նրանց թիվը գերազանցել է 1000-ը, 1998 թվականին՝ 10 000-ը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 000-ը։
Ճապոնիան երկարակյացների թվով առաջատարներից է աշխարհում։ Յուրաքանչյուր 100 հազար բնակչին այնտեղ բաժին է ընկնում 100-ից բարձր տարիքի 73 մարդ։ Ինչպես մյուս երկրներում, Ճապոնիայում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Կանանց կյանքի միջին տևողությունը գերազանցում է 87-ը, իսկ տղամարդկանցը՝ 81-ը։
Ճապոնիայի ամենատարեց բնակիչը 116-ամյա Ֆուսա Տացումին է, որը ծնվել է 1907 թ. ապրիլի 25-ին։ Նրա ազգականների խոսքով՝ նա սովորական կենսակերպ է վարել, իսկ երկարակեցության գաղտնիքը ճիշտ ու կանոնավոր սնվելու մեջ է։