Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի պատգամավորի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս առաջ Ժան-Լուի Բուրլանժի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել:
Ալեն Սիմոնյանը խնդրի կարգավորման հարցում շեշտել է քաղաքական եւ դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը` այս առումով բարձր գնահատելով առաջին հերթին Ֆրանսիայի նախաձեռնողականությունը եւ պաշտոնական Փարիզի քաղաքական աջակցությունը:
«Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին, միասին պայքարելու այն արժեքների համար, որի կրողն է ձեր երկիրը»,- նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ չնայած իր երկիրը շատ բան է անում Հայաստանի համար, բայց դա բավարար չէ ծայրահեղ լարված իրադրությունը շուտափույթ լուծելու տեսանկյունից:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ ակնկալում է ֆրանսիացի գործընկերների գործուն քայլերի շարունակականությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ դատապարտելու հումանիտար աղետը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից: