ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 14-ին 9 բուժառու, ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ՝ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։