Պուտինը և Կիմ Չեն Ընը քննարկել են ռազմավարական համագործակցությունը և Եվրոպայում տիրող իրադրությունը
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը բանակցություններում քննարկել են մարտավարական և ռազմավարական համագործակցությունը, իրավիճակը Կորեական թերակղզում և իրադրությունը Եվրոպայում: Այս մասին պաշտոնական ճաշի ժամանակ հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
«Մենք ընկեր Պուտինի հետ խորությամբ քննարկեցինք ռազմաքաղաքական իրավիճակը Կորեական թերակղզում ու Եվրոպայում և գոհացուցիչ միասնական կարծիքի հանգեցինք ռազմավարական, մարտավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, անվտանգության ինքնիշխան իրավունքի պաշտպանության համար պայքարում համերաշխության աջակցության, ամուր խաղաղության երաշխիքների ստեղծման շուրջ», – նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը:
Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կծառայի այն բանին, որ ռուս-կորեական բարեկամական հարաբերությունները վերածվեն «ռազմավարական համագործակցության անխախտ հարաբերությունների»։
Պուտինն իր հերթին նշել է, որ այցն անցել է բարեկամական մթնոլորտում և եղել է շատ արդյունավետ։ Ըստ Պուտինի՝ կողմերը «բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր ունեն»։ ՌԴ նախագահը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը կմեկնի նաև Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասեր, որտեղ կայցելի ավիացիոն տեխնիկայի արտադրության գործարաններ։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ղեկավարների բանակցությունները անցկացվել են «Վոստոչնի» տիեզերակայանում։ Սկզբում երկու ղեկավարները զննել են օբյեկտները, այնուհետև բանակցություններ վարել սկզբում պատվիրակությունների անդամների հետ, այնուհետև՝ դեմ առ դեմ:
Բարձր մակարդակով գագաթնաժողովն ավարտվել է առանց համատեղ հռչակագրի։