Հայաստանը, կարծես թե, «պարտադրված է» բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն Իրանի, ՌԴ-ի, Հնդկաստանի և Չինաստանի հետ. Անանյան
Ներկայում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության նոր և հզորացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։
Հաջորդ տարի նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ 2025-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հիշյալ երեք երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի անդամ («հիմնադիր») երկրներն են, և, արդյո՞ք այս երկրների (և՝ հատկապես նախագահող Հնդկաստանի) ջանքերով չէ, որ G20-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հռչակագիրը ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների) վերաբերյալ բավականին կառուցողական և «կոնսենսուսային» էր, որում, օրինակ՝ Ուկրաինային ուղղակիորեն առնչվող, ինչպես նաև Ռուսաստանին ուղղակիորեն դատապարտող որևէ ձևակերպում չներառվեց։
Այլևս ակնհայտ է, որ ԲՐԻԿՍԻ անդամ երկրների ազդեցությունը գնալով դառնում է որոշիչ համաշխարհային թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ, և, կարծես, ԲՐԻԿՍ-ը հետևողականորեն և հաջողությամբ իրականացնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման իր օրակարգը։
«Աննկատ» (համենայն դեպս՝ ոչ պատշաճ լուսաբանված) մնած այն փաստը, որ սույն թվականի օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում կայացրեցին կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Այդ երկրներն են՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն, որոնք պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից (2024 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիրը Ռուսաստանն է)։
Ըստ փորձագետների, ԲՐԻԿՍ-ին 6 նոր անդամ երկրների միացումից հետո այդ միավորումը, ըստ էության, դառնում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։
«Ընդլայնված» ԲՐԻԿՍ-ը, ըստ էության, մոլորակի բնակչության շուրջ 60%-ն է, գեներացնում է Համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 37%-ը։ Ակնհայտ է նաև, որ այս կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման առումով բավականին հզորանալու է, քանի որ ըստ ՕՊԵԿ-ի վիճակագրական տեղեկատվության, ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%-ը, իսկ արտահանման՝ ավելի քան 39%-ը։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համատեղ առևտուր և տնտեսական նախագծեր իրականացնելիս որդեգրել են ապադոլարականացման անշրջելի ուղին, այսինքն՝ փոխադարձ հաշվարկներում և վճարումներում հստակ նպատակադրում կա կիրառելու իրենց ազգային արժույթները (թեև միասնական հաշվարկային արժույթի ներդրման վերաբերյալ ևս որոշ ակնարկներ կան)։
Թերևս աներկբա է, որ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարծես թե «պարտադրված է» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արտաքին քաղաքականության բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնկաստանի և Չինաստանի հետ։ Միգուցե ԲՐԻԿՍ-ը հենց այն հեռանկարային հարթակն է, որը լավագույնս կծառայի այդ նպատակին․․․
Հարցս, բնականաբար, հռետորական է, քանի որ որևէ հոդաբաշխ տեսակետ կամ պատասխան ակնկալելի չէ»։