Ադրբեջանը ՌԴ տարածքային ամբողջականությանը պետք է վերաբերվի այնպես, ինչպես ակնկալում է, որ Ռուսաստանը պիտի վերաբերվի իր տարածքային ամբողջականությանը. Զախարովա
Ռուսաստանը դեմարշ է իրականացրել Ադրբեջանի դեմ՝ կապված Ռուսաստանի Դաշնության չորս շրջաններում ընտրությունների մասին Բաքվի հայտարարության հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ադրբեջանական կողմին ուղղված դեմարշ է իրականացվել։ Մենք ամեն ինչ ասել ենք դրա հետ կապված»,- ասել է Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»,- հավելել է նա։