Հայաստանի դեսպանին ներկայացվել են պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերը. ՀՀ իշխանությունները իրենք պիտի բացատրեն իրենց մոտիվացիան. Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ Հայաստանի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ ՝ նրան բողոքի նոտա է հղվել Երևանի մի շարք ոչ բարեկամական գործողությունների հետ կապված, որոնց թվում է նաև Հռոմի կանոնադրության վավերացումը:
«Երևանը պետք է բացատրի և պարզաբանի իր մոտիվացիան։ Ինչի՞ համար է արվում դա, ինչո՞ւ: Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները։ Բայց մենք նման քայլերը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք խոսել ենք նաև մեր հայ ընկերների ու գործընկերների հետ , բայց այս փուլում սկսել ենք խոսել հրապարակային, քանի որ խնդիրները շատացել են»,- նշեց նա։
Զախարովայի խոսքով՝ վավերացումը ոչ թե եզակի քայլ է, ինչպես կարծում է հայկական կողմը, այլ քայլերի համալիր:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ինքնիշխան պետություն, սակայն Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները վնասակար են և կարող են խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դրանք, ըստ նրա՝ կխանգարեն նաև այն ամենի իրականացմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են ՌԴ միջնորդությամբ։ Այս ամենը ամրագրված է հայտարարություններում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ներկա կարգավորմամբ, ոչ թե հորինված, ոչ թե կեղծ կարգավորմամբ, այլ իրական լուծմամբ: Ըստ նրա այստեղ չկա ֆորմալ մոտեցում, չկա` բացառապես դիվանագիտական լուծում։ Ռուսական կողմը փորձ է բացատրել, որ այս ամենը Ռուսաստանին չէ վնասում, որ այս ինքնահավան քայլերը, պարզապես չեն նպաստում կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին Ազգային ժողով էր ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը: