Բաժիններ՝

Տան հարսը վերցրել է փողը, խառնել ամուսնու ծնողների ննջարանը՝ բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար

Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է հաղորդում, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսինքն` գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին համապատասխան գործողություններ, իսկ բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել:

Տան հարսը հրավիրվեց բաժին, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Նա պատմեց, որ ցերեկը, երբ տնեցիք տանը չէին, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար: Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը: Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս