Ռուբեն Գևորգյանի դստերը պատկանող հողատարածքի վրա կալանք է դրվել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք դնել վերոնշյալ տարածքի վրա: Քննիչի որոշման դեմ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Գ.-ի ներկայացուցչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր բողոք, որը մերժվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ բավարարվել: Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր՝ միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Գ.-ի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2021 փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է նաև վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը (իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում):

Տեսանյութեր

Լրահոս