Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10-հազարանոց զորախումբ է տեղակայել
Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մացեյ Վոնսիկը հայտարարել է, որ երկիրը 10 հազար զինվոր է կենտրոնացրել Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«Մենք շատ ուժեղ ենք ամրացրել սահմանը, և, բացի մեր կառուցած պարիսպից, որը մեծ նշանակություն ունի, բացի պարագիծը վերազինելուց, ինչը շատ է օգնում, այնտեղ գտնվում է 10 հազար զինվոր», – սեպտեմբերի 12-ին Վոնսիկն ասել է Լեհաստանի ռադիոյի եթերում։
«Այս թվից 6 հազարը գտնվում է ճամբարում, իսկ 4 հազարը՝ անմիջապես սահմանի վրա», – ասել է Լեհաստանի ՆԳՆ փոխնախարարը։
«Բացի այդ, կա 5 հազար սահմանապահ և շուրջ հազար ոստիկան», – հավելել է նա։
Վոնսիկը նաև նշել է, որ լեհ-բելառուսական սահմանին «որոշակիորեն ավելի հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան չի կարող տեղի ունենալ:
«Ժամանակ առ ժամանակ մեր պարեկների վրա քարեր ու փայտեր են նետում, սակայն սահմանի վրա ճնշումն իսկապես նվազել է», – ասել է նա: