Աֆրիկայի երկրների առաջնորդները փոխում են ուժային կառույցների կազմը` հեղաշրջումներից խուսափելու համար
Աֆրիկայի որոշ երկրների ղեկավարներ մայրցամաքի պետություններում տեղի ունեցած մի շարք հեղաշրջումներից հետո որոշել են փոխել ուժային կառույցների բարձրագույն կազմը նման իրադարձությունները կանխելու համար։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել են The Wall Street Journal պարբերականի աղբյուրները։
Հրատարակությունը նշում է, որ Գաբոնում ռազմական հեղաշրջումից մի քանի ժամ անց Կամերունի 90-ամյա նախագահ Փոլ Բիյան անվտանգության հարցերով մի քանի խորհրդականների է նշանակել պաշտպանության նախարարության բարձր պաշտոններում։
Իր հերթին, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն պաշտոնանկ է արել ավելի քան 10 գեներալների և ավելի քան 600 բարձրաստիճան սպաների։
Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն նշանակել է անվտանգության ծառայության երկու նոր ղեկավարի, իսկ Ուգանդայի 78-ամյա առաջնորդ Յովերի Մուսևենին աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում ուսուցում անցած ոստիկանապետ գեներալ Կալե Կայիhուրային և ևս 11 գեներալի:
Սիերա Լեոնեում անցած ամիս ավելի քան 10 բարձրաստիճան զինվորական և մի քանի ոստիկան է կալանավորվել, որոնք մեղադրվել են երկրի առաջնորդ Ջուլիուս Մաադա Բիոյին տապալելու փորձի մեջ:
Ըստ Oxford Economics Africa քաղտնտեսության ռիսկերի մոդելի՝ սպառնալիքի տակ են հայտնվել Հասարակածային Գվինեայի, Մավրիտանիայի, Գամբիայի, Սիերա Լեոնեի և Կենտրոնաֆրիկյան Հանրապետության առաջնորդները։
Հրատարակությունը նշում է, որ աֆրիկյան շատ երկրների էլիտաներ երկար տարիների անարդյունավետ կառավարումից, կոռուպցիայից և անազնիվ ընտրություններից հետո միայն հարստացել են, իսկ աղքատների թիվը, ընդհակառակը, աճում է, ինչը մեծացնում է դժգոհությունը հասարակության շրջանում։