Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քննություն է իրականացնում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ․սեպտեմբերի 10-ին ժամը 23:02-ին քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները` պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, 2023 թ. սեպտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։

2023 թ․սեպտեմբերի 10-ին ժամը 21:00-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Կատարվում է նախաքննություն։ Առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս