Լիբիայի քաղաքներից մեկում հեղեղներից հետո 1000 զոհի մարմին է հայտնաբերվել
Լիբիայի Դերնա քաղաքում «Դանիել» փոթորկի առաջացրած հեղեղներից հետո հայտնաբերվել է ավելի քան 1000 զոհի մարմին։ Զոհերի թիվը, ըստ իշխանությունների, կարող է շատ ավելի մեծ լինել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լիբիայի արևելյան վարչակազմի անդամներից մեկը Reuters-ի հայտնել է, որ քաղաքի գրեթե 25 %-ը ոչնչացել է, բազմաթիվ շենքեր փլուզվել են։
Երկու մասի բաժանված Լիբիայի արևելյան հատվածի պաշտոնյաները սեպտեմբերի 11-ին հայտնել էին, որ հեղեղների հետևանքով առնվազն 2000 մարդ է զոհվել, սակայն առայժմ պարզ չէ, թե ինչ տվյալների վրա էր հիմնված այս թիվը։
Իշխանությունները նաև հայտնել են, որ հազարավոր մարդիկ անհետ կորած են։
Տրիպոլիի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը չի վերահսկում Լիբիայի արևելյան հատվածները։
Անցյալ շաբաթ «Դանիել» փոթորիկը մոլեգնում էր Հունաստանում, Թուրքիայում և Բուլղարիայում՝ առնվազն 14 մարդու մահվան պատճառ դառնալով։