ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռներում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա ձուլակտորներ. վերականգնվել է պետությանը պատճառված վնասը
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:
Ինչպես տեղեկանում ենք գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:
Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության ոսկյա ձուլակտորներ, որոնց չափը գերազանցել է Կառավարության որոշմամբ հաստատված ոչ առևտրային չափաքանակը՝ 10 կիլոգրամը. կազմվել են մաքսանենգության դեպքերի վերաբերյալ արձանագրություններ:
2022 թվականի հոկտեմբերի 27-ին 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասով (մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն, որը կատարվել է սահմանված կարգով չհայտարարագրելու միջոցով):
2023 թվականի մայիսի 29-ին մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (ռեաբիլիտացնող) հիմքով, այն է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը (ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության և մաքսային հայտարարագրման գործընթաց առհասարակ նախատեսված չէ):
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կիրառվել են դատախազական ներգործության միջոցներ, որոնց արդյունքում 7 անձանց մեղադրանքը փոփոխվել է, նրանց արարքը որակվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն 713 հազար 273 դրամի վնասը, իսկ վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա (եթե անձն ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը, ազատվում է քրեական պատասխանատվությունից), կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ, այդ թվում՝ ոչ ռեաբիլիտացիոն հիմքով: