68 տարեկանում մահացել է դերասան Սամվել Սարգսյանը
Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշում են ՀԹԳՄ-ից։
Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան:
Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ա.Դյումայի «Քին» (Քին), Ռ.Քիփլինգի «Մաուգլի» (Մաուգլի), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Մարիամ» (2005թ.), «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) և այլ ֆիլմերում:
2008-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալներում: 2005-08թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է:
2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: