Գողը բռնվել էր ահազանգերից առաջ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Տարոն-2 տարածքի իր ավտոտնակի փականը գիշերը կոտրել են ու գողացել ձմեռային չորս անվադող:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Մինչ իրականացվում էին համապատասխան գործողություններ` ստացվեց ևս մեկ ահազանգ: Գիշերը կոտրել էին նաև մեկ այլ ավտոտնակի կողպեք ու գողացել անվադողեր և մարտկոց:
Իսկ առավոտյան ժամը 7-ին, մարզում իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում, Լոռու մարզի պարեկները Արևաշող գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել էին նույն գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդի վարած մեքենան և այն տեղափոխել ոստիկանության Սպիտակի բաժին: Մեքենան կասկածելիորեն գերբեռնված էր:
Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվեց, որ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում եղած անվադողերն ու մարտկոցը Վանաձորի ավտոտնակներից հափշտակածն են: Մեքենան և վարորդը տեղափոխվեցին ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ էլ, բացատրական աշխատանքից հետո, 20-ամյա երիտասարդը խոստովանեց ոչ միայն երկու ավտոտնակի գողությունները: Մեկ այլ ավտոտնակից էլ տարել էր հեծանիվ, որը նույնպես մեքենայում էր:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: