Սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգական ֆիլմը
«Սևազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։
Սյուժեի առանցքային կետերից է նաև հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սև կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։
«Սևազգեստ կանայք» ֆիլմում ներգրավված են մի խումբ հայտնի դերասաններ, որոնցից են Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Արտյոմ Մարկոսյանը և այլք։
«Արմենպրես»-ը զրուցել է գլխավոր դերակատարներից մեկի՝ Լուիզա Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած արդեն մեկ տարի է անցել, բայց ֆիլմում եղած հումորները, միևնույնն է, դեռ չեն հնացել․
«Ինքս շատ անհամբեր եմ, թե երբ է մեր լսարանը վերջապես դիտելու ֆիլմը։ Պետք է փաստեմ այն մասին, որ «Սևազգեստ կանայք» ֆիլմը, դեռ էկրաններ չբարձրացած, կարողացել է շարժել մարդկանց հետաքրքրությունը, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր մարդիկ մոտենում էին ինձ և հարցնում, թե երբ է ֆիլմը ցուցադրվելու»,- պատմեց Լուիզա Ներսիսյանը և ավելացրեց, որ ըստ իրեն՝ ֆիլմը շատ է սիրվելու՝ դառնալով հումորային հաջողված հերթական ֆիլմերից մեկը։
Խոսելով իր և Գոռ Կիրակոսյանի համագործակցության մասին՝ դերասանուհին պատմեց․
«Միշտ մեծ երազանք եմ ունեցել նկարահանվելու Գոռի ֆիլմում, քանի որ շատ եմ հավանում նրա աշխատելաոճը և պրոֆեսիոնալիզմը։ Ինձ շատ հետաքրքիր էր, թե նրա կադրում ես ինչպիսին կլինեմ, քանի որ Գոռը նկարահանման հրապարակում պահանջում է, որ ոչ մի դերասան նույնանման չլինի, այլ հակառակը, փորձի նոր գույն գտնել իր մեջ»,- ասաց դերասանուհին։
Ինչպես նշեց Լուիզան, ֆիլմի գլխավոր թեման կին-տղամարդ փոխհարաբերություններն են։ Ըստ իրեն՝ ֆիլմում գլխավոր ասելիքներից մեկն այն է, որ այս կյանքում ոչ ամեն ինչն է միանշանակ և թե կյանքի ցանկացած իրադարձությանը մարդ որ դիտակետից է նայում․
«Ցանկացած մարդ մտածում է, որ հենց իր դիտակետն է ճիշտ, սակայն երբ այդ ամենին վերևից է նայում, բոլորովին այլ ճշմարտություն է բացահայտվում։ Այսինքն՝ ֆիլմում գոյություն ունեն կանայք և մի տղամարդ, ու յուրաքանչյուր կին իր համար գծագրել է իր կյանքն ու իրականությունը այդ տղամարդու հետ։ Սակայն մի օր՝ այդ տղամարդու թաղման օրը, այդ իրականությունները բախվում են իրար և նոր բաներ բացահայտում»,-պատմեց Լուիզա Ներսիսյանը՝ չցանկանալով ավել մանրամասներ բացահայտել։
Ավելացնենք, որ տվյալ ֆիլմի շրջանակներում որպես ստեղծագործական թիմի անդամ հանդես է եկել նաև Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, ում համար սա առաջին և, ինչպես նշեց դերասանուհին, ստացված փորձն էր։
Հավելենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր դեռ անցած տարի աշնանը, սակայն քաղաքական իրադարձությունների պատճառով այն հետաձգվեց: