Հայ և համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Առաջին անգամ Երևանում սեպտեմբերի 12-15-ը Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր, որոնց շարքում են Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: Սկիզբը՝ ժամը 20:00-ին: