Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը 14 միլիոնի մեկ անձից գնման հետ

Սեպտեմբեր ամսվա սկզբից ադրբեջանական կողմը բացահայտ սրում է իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմանին։

Բազմաթիվ են տեսանյութերը, որոնցից պարզ է դառնում, որ թշնամին անթաքույց զորք և զինտեխնիկա է կուտակում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի հատվածում, Նախիջևանում։

Պատերազմից հինգ պակաս երկրի իշխանությունը, սակայն, շարունակում է զբաղվել պետական բյուջեի հաշվին իր ընկերներին պատկանող ընկերություններից մեկ անձից գնումներ կատարելով, ասֆալտ փռելով, միջոցառումներ կազմակերպելով։

Օրինակ՝ ՔՊ-ականները պատերազմից հինգ պակաս վիճակում գտնվող Հայաստանի համար մարտահրավեր են համարել Ազգային ժողովի դահլիճների դռների և պատերի դժգույն գույնը, ապա որոշել են այդ մարտահրավերի դեմ պայքարել՝ նորոգելով դահլիճները։

Կարդացեք նաև

Այդ նպատակով Ազգային ժողովը սեպտեմբերի 1-ին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի հետ, որպեսզի այս ընկերությունը 14 միլիոն դրամով վերանորոգի Ազգային ժողովի նիստերի 3 դահլիճները. դռները ներկի որակյալ ներկով, պատերի և առաստաղի գույնը փոխի, անցկացնի նոր լուսավորություն։

Պայմանագիրը նշյալ ընկերության հետ կնքվել է այն օրերին, երբ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Առանց մրցույթ հայտարարելու մեկ անձից գնումներ կատարելու իր արատավոր գործունեությունը շարունակող ՔՊ-ական իշխանությունն այս անգամ 14 միլիոն դրամի գնում է կատարել մի ընկերությունից, որի սեփականատեր Արտակ Ալեքսանյանը, ըստ ՀԵՏՔ-ի հետաքննության, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ընկերն է, իսկ Կիրակոսյանն էլ իր հերթին՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ընկերն է ու նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականը։

Հավանաբար, հենց այս շղթայի հետևանք է եղել այն, որ 1.5 միլիոն դոլարով Աբովյանի քաղաքային մարզադաշտը վերանորոգել է հենց «Արտշին պլյուս» ՍՊԸ ընկերությունը։

Նկատենք, որ ԱԺ-ում 14 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել և 3 դահլիճի վերանորոգման գործ պատվիրակել են մի ընկերության, որն ունի ընդամենը մեկ աշխատակից։

2023 թվականին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», որի անվանումը փոխվել է, և այժմ այդ կազմակերպությունը կոչվում է «Զինապահ», «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն փոխանցել է ընդամենը 1500 դրամ, որը հավասար է 1 աշխատակցի համար փոխանցված գումարին։

Մնում է հասկանալ, թե այդ մեկ աշխատակիցն ինչպես է վերանորոգելու ԱԺ-ի 3 դահլիճը։

Տեսանյութեր

Լրահոս