Ոստիկանությունը 11 մլն դրամ է փոխանցել առողջապահության նախարարությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, 11 մլն 580 հազար դրամ է փոխանցել առողջապահության նախարարության Կախվածության բուժման ազգային կենտրոնին։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ օրական պետք է փորձաքննություն անցնի ոստիկանության մինչեւ 20 ծառայող, եւ յուրաքանչյուր ծառայողի վերաբերյալ պետք է 3 փորձաքննություն կատարվի՝ ափիոնային շարք, կաննաբինոիդներ, այսինքն՝ մարիխուանա եւ մեթանֆեթամին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 5 հազար դրամ է: Այսինքն՝ յուրաքանչյուր ոստիկանի փորձաքննությունն արժե 15 հազար դրամ:

Եթե 11 մլն 580 հազար դրամը բաժանենք 15 հազարի, կստացվի, որ փորձաքննություն պիտի անցնի 772 ոստիկան, այսինքն՝ պետք է պարզվի, թե այս 772 ոստիկանից քանիսն ունեն թմրանյութերից կախվածություն։ Փաստորեն, թմրամոլությունն օր-օրի ոչ միայն դեռահասների շրջանում է տարածվում, այլեւ՝ հենց ոստիկանների, որոնք պետք է պայքարեն այդ ախտի դեմ եւ կանխեն դրա տարածումը»:

Տեսանյութեր

Լրահոս