Բաժիններ՝

Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է՝ Չինաստանի կողմից iPhone-ների օգտագործման արգելքն ընդլայնելու մասին տեղեկությունների պատճառով

Վերջին երկու օրերի ընթացքում Apple ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 6 %-ով կամ գրեթե 200 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ ընդլայնում է iPhone-ների օգտագործման արգելքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Չինաստանը հանդիսանում է Apple ընկերության երրորդ ամենամեծ շուկան, որին բաժին է ընկել անցյալ տարվա ընդհանուր եկամտի 18 %-ը։

Ըստ տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ Պեկինը, ենթադրաբար, ընդլայնել է iPhone-ների օգտագործման արգելքը՝ դա տարածելով նաև տեղական կառավարման մարմինների և պետական ընկերությունների աշխատակիցների վրա։

Ըստ Nikkei հրատարակության՝ առնվազն մեկ պետական ընկերություն իր աշխատակիցներին ասել է, որ սկսած հաջորդ ամսվանից՝ առևտրային գաղտնիքների հետ աշխատող ցանկացած ոք չպետք է իր iPhone-ը, Apple ժամացույցը կամ AirPod-ները բերի աշխատավայր։

Ըստ չինական ԶԼՄ-ների՝ Չինաստանում գոյություն ունի շուրջ 150 հազար պետական ընկերություն, որոնցում 2021 թ․-ի տվյալներով աշխատում էր ավելի քան 56 միլիոն մարդ։

Իր հերթին BBC-ն նշում է, որ վերջին շաբաթներին պաշտոնյաներին հրահանգվել է չօգտագործել iPhone-ներ։ Այս սմարթֆոնների օգտագործումն արդեն իսկ արգելված էր որոշ գործակալություններում։

Ենթադրվում է, որ Apple-ի արտադրանքի օգտագործման արգելքը վկայում է այն մասին, որ Պեկինը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ամերիկյան տեխնոլոգիաներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս