
Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ստացավ տիեզերական գործունեության լիցենզիա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա հանձնեց Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին, որն առաջիկայում SpaceX-ի հրթիռով առաջին հայկական արբանյակը կուղարկի տիեզերք:
Լիցենզիան հնարավորություն կտա հիմնադրամին առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ 2020 թվականի մարտին ընդունված «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորելով Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին՝ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում:
«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնել, աջակցել լաբորատորիայի գործունեությանը:
Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց՝ լիցենզիան իրենց համար տիեզերական գործունեություն վարելու կանաչ լույսն է:
«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար, ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»,- նշեց Գրիգորյանը:
Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:
Արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: