Հայ-ռուսական մեդիաֆորումը կխթանի երկու երկրների լրատվական դաշտերի համագործակցության խորացումը

Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումը նպատակ ունի խորացնել հայկական և ռուսական լրատվամիջոցների համագործակցությունը, խթանել լրատվական դաշտում երկրների մասին փոխադարձաբար ավելի շատ ու ընդգրկուն անդրադարձին: Մեդիաֆորումը կազմակերպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն ու Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը:

Ֆորումի շրջանակում ՊՈԱԿ-ի «Օրբելի» նախագծի համակարգող Միքայել Յալանուզյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մեդիաֆորումը նպատակ ունի խորացնել, ավելի զարգացնել հայկական և ռուսական լրատվամիջոցների աշխատանքը, նպաստել տարբեր մեդիանախագծերի իրականացմանը, հնարավորություն տալ երկու երկրների լրատվական դաշտին ավելի լավ ծանոթանալ իրար հետ, հասկանալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ ինչպես ռուսական, այնպես էլ հայկական դիրքորոշումը:

«Ակնկալում ենք, որ այս միջոցառման արդյունքում ավելի կխորանա հայկական և ռուսական լրատվական դաշտի համագործակցությունը: Ցանկանում ենք, որ ֆորումը լինի շարունակական, լրագրողների փորձի փոխանակում լինի Հայաստանում և Ռուսաստանում, իրականացվեն համատեղ լրատվական նախագծեր, համագործակցությունը լինի հնարավորինս բազմակողմանի՝ բոլոր ուղղություններով»,-ասաց Յալանուզյանը:

Ըստ նրա՝ թե հայ մասնագետները, թե ռուս գործընկերները նկատում են, որ երկու երկրների լրատվական դաշտում կա տեղեկատվության որոշակի պակաս, որոշ դեպքերում՝ որոշակի անհասկացվածություն: Մեդիաֆորումը կազմակերպվել է նաև դրա համար, որ հնարավոր լինի նման խնդիրները նվազեցնել: Ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք բովանդակային, քաղաքական լուրջ տարաձայնություն չունեն, բայց երբեմն տարբեր ձևակերպումներ են ստանում, այդ պատճառով որոշակի անհասկացվածություն կարող է ձևավորվել:

«Ես անձամբ կարծում եմ, որ և մեր լրատվական դաշտում, և ռուսական լրատվական դաշտում մեր երկրների վերաբերյալ տեղեկատվությունը քիչ է, ցանկալի կլիներ, որ լիներ ավելի ծավալուն, ընդգրկեր ոչ միայն քաղաքական բովանդակությունը, այլ նաև անդրադարձներ լիներ մշակույթին, տնտեսությանը, համատեղ բազմաթիվ ծրագրերին: Հույս ունենք, որ կկարողանանք ժամանակի ընթացքում այդ բացը լրացնել»,-ասաց նա:

Մեդիաֆորումի շրջանակում տեղի ունեցավ նաև «Լրատվամիջոցների դերը, ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա. հետճշմարտության դարաշրջանում փաստերի և կարծիքների միաձուլումը ՝ լրագրության համար որպես մարտահրավեր» խորագրով պանելային քննարկում:

«Արմենպրես» լրատվական գործակալության փոխխմբագիր Արարատ Պետրոսյանը հետճշմարտությունը և փաստերը որոշելու համար կարևորեց ճիշտ «ախտորոշում» ու ճիշտ սահմանում տալը: «Դրա համար տարբերակում ենք տեղեկատվություն ստեղծողներին՝ ըստ լրատվամիջոցների տեսակի: Նրանց բաժանել ենք մի քանի խմբերի: Առաջին խումբը ներառում է պետական ​​լրատվամիջոցները և քարոզչությունը: Այստեղ հիմնականում լինում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, փաստեր ավելի շատ, դրանք հեշտությամբ ստուգվում են, անճշտություններն անմիջապես վերացվում են։ Քարոզչության դեպքում ամեն ինչ մի փոքր դժվար է, եթե այն իրականացվում է ագրեսիվ կերպով: Այս դեպքում էլ կոմպլեքս գործիքները թույլ են տալիս արագ բացահայտել սուտը և որոշել փաստը»,-ասաց Պետրոսյանը:

Երկրորդ խմբում, ըստ նրա, կուսակցական մեդիան է, որոնց նպատակը ևս տեղեկատվություն ստեղծելն է, որը կունենա հանրային հնչեղություն: «Բայց, հաշվի առնելով բուռն մրցակցությունը, հաճախ է պատահում, որ այնտեղ փաստերը որոշակի տոկոս են կազմում, իսկ տեղեկատվության մեծ մասը կազմվում է առանձին գործընթացների վերաբերյալ սեփական գնահատականներով, մեկնաբանություններով»,-ասաց Պետրոսյանը՝ թվելով մյուս խմբերը ևս:

Քաղաքական մեկնաբան, kavkazoved.info կայքի խմբագիր Անդրեյ Արեշովը ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նկատեց՝ որոշակի ժամանակ համոզմունք կար, որ ամեն ինչ լավ է, ոչինչ պետք չէ փոխել, իսկ խնդիրների քննարկումը այնքան էլ տեղին չէր համարվում: «Բայց մենք հասկանում ենք, որ այն իրադարձությունները, որոնք ծավալվում են մեր աչքի առաջ, վերջին տարիներին, ստեղծում են սկզբունքորեն նոր իրավիճակ և ձևավորում են ռուս-հայկական հարաբերությունների նոր օրակարգ, որը պահանջում է սերտ փոխգործակցություն` ընդ որում և հրապարակային, և ոչ հրապարակային»,-ասաց նա:

Նա վստահություն հայտնեց, որ ֆորումի շրջանակում բաց քննարկում կլինի առկա հարցերի վերաբերյալ, արդյունքում կարվեն անհրաժեշտ հետևություններ, կներկայացվեն անհրաժեշտ առաջարկություններ:

Քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ու Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Տեսանյութեր

Լրահոս