Ալեն Սիմոնյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրենին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ հետագա ծրագրերը քննարկելու պատրաստակամություն հայտնել:

Ստեֆան Նիքսը, կարեւորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերն առնվազն մեկ տարի շարունակական կլինեն:

Ալեն Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները:

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության առաջխաղացմանը:

Տեսանյութեր

Լրահոս