Գերմանիայում փախստականների թիվը հասել է նոր առավելագույն ցուցանիշի
Այլ երկրներից Գերմանիա ներգաղթած և այժմ այնտեղ բնակվող մարդկանց թիվը վերջին տասնամյակների ընթացքում հասել է նոր առավելագույն մակարդակի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի դրությամբ օտարերկրացիների կենտրոնական ռեգիստրում որպես փախստական հաշվառված է եղել 3,26 մլն մարդ՝ 111 հազարով ավելի, քան 2022 թ. վերջին։ Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Նշվում է, որ նման տվյալներ ստանալու համար Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը հարցում էր ուղարկել Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Կլարա Բյունգերը։
Ձախ կուսակցության տվյալներով՝ սա 1950-ականներից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Այստեղ ընդգրկված են փախստականները, այդ թվում՝ ռազմական հակամարտություններից, ապաստան հայցողները և մարդիկ, որոնց մերժել են ապաստան տալ, սակայն թույլ են տվել որոշ ժամանակ մնալ երկրում, քանի որ նրանց վտարումն անհնար է հումանիտար պատճառներով։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ ապրում են Գերմանիայում։