Հոնկոնգում ռեկորդային տեղումներ են, քաղաքը ծածկվել է ջրով
Հոնկոնգում և Չինաստանի հարավային քաղաքներում տեղատարափ անձրևների պատճառով լայնածավալ հեղեղումներ են սկսվել։ Հոնկոնգի փողոցները և մետրոյի կայարաններն անցել են ջրի տակ, դպրոցներն ու ձեռնարկությունները փակվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին 24 ժամում առնվազն 83 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Անձրևը նաև սողանքներ է առաջացրել՝ արգելափակելով որոշ ճանապարհներ։
Ըստ օդերևութաբանների՝ մեկ ժամում գրանցվել են 158,1 մմ տեղումներ, որն ամենաբարձր ցուցանիշն է 1884 թ․-ին դիտարկումների սկսվելուց ի վեր։
Չինաստանի հարավային Շենժեն քաղաքում նույնպես տեղատարափներ են եղել։ Գուանդուն նահանգում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել։
Կանխատեսումների համաձայն՝ հորդառատ անձրևները կշարունակվեն նաև սեպտեմբերի 8-ին և 9-ին։
Անցյալ շաբաթ Չինաստանի հարավային շրջաններին էին պատուհասել «Սաոլա» և «Հայկույ» թայֆունները։