ԱՄՆ-ն կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու իր կոչը
Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և շարունակում է աշխատել կողմերի հետ այն հարցի շուրջ, որ հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Սա այն հարցն է, որում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված մնալ․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ, որը պայմանավորված է սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակմամբ։ ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային երթևեկության, ինչպես նաև ուղևորափոխադրումների համար», – ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։
Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է։ Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զրկված է սննդի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։