Ճապոնիան հաստատել է տեղացի ձկնորսներին աջակցության փաթեթը՝ Չինաստանից ծովամթերքի ներմուծման արգելքի ֆոնին
11:14, 5 Սեպտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել տեղացի ձկնորսներին 20,7 միլիարդ իենի (ավելի քան 140 միլիոն դոլար) չափով օգնության փաթեթին։ Դա կապված է այն բանի հետ, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոս ջրի բացթողման մեկնարկից հետո որոշ երկրներ, առաջին հերթին՝ Չինաստանը, էմբարգո են սահմանել ճապոնական ծովամթերքի ներմուծման վրա, ինչի պատճառով ձկնորսները կորուստներ են կրում։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ հատկացված միջոցները կուղղվեն ներքին սպառման ավելացմանը, ծովամթերքի կայուն արտադրության ապահովմանը և նոր արտասահմանյան շուկաների որոնմանն աջակցելուն:
«Ձկնորսական ձեռնարկությունները պաշտպանելու նպատակով մենք անհապաղ կմշակենք և կիրականացնենք աջակցության միջոցներ, ինչպես նաև բոլոր ջանքերը կներդնենք՝ ողջ երկրի մասշտաբով օգնություն ցուցաբերելու համապատասխան ճյուղին», – Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում փաթեթի հաստատումը մեկնաբանել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Ձկնորսներին օգնության փաթեթ հատկացնելու մասին սեպտեմբերի 4-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի կառավարությունը միագումար մոտավորապես 100,7 միլիարդ իեն (շուրջ 685 միլիոն դոլար) կհատկացնի՝ ի աջակցություն այս ոլորտի։