Լեհաստանը մտադիր է նոր Patriot զենիթահրթիռային համակարգեր և առափնյա հրթիռային համալիրներ գնել
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է ձեռք բերել PATRIOT/IBCS զենիթահրթիռային համակարգերի վեց նոր մարտկոցներ, երկու նոր առափնյա հրթիռային համալիրներ և FlyEye անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։
«Ռազմական սարքավորումների մատակարարման պայմանագրերը, ի թիվս այլ բաների, կներառեն PATRIOT/IBCS համակարգի երեք դիվիզիոնների, այն է՝ վեց հերթական մարտկոցների ձեռքբերման պայմանագրեր՝ Wisla ծրագրի երկրորդ փուլի իրականացման շրջանակներում, երկու հերթական առափնյա հրթիռային համալիրի պայմանագիր, Pilica կայանքների համար նախատեսված Zenit-MR կառավարման ավտոմատացված համակարգի պայմանագիր և FlyEye անօդաչու թռչող սարքերի շրջանակային համաձայնագիր», – ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Այս զինտեխնիկայի գնման պայմանագրերը կստորագրվեն Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (MSPO), որը կանցկացվի Կելցե քաղաքում սեպտեմբերի 5-ից 8-ը:
2018 թ.-ին Լեհաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է ամերիկյան Patriot համակարգի ձեռքբերման պայմանագիր՝ Wisla հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի համար։ Այս ծրագրի երկու փուլերը նախատեսում են Լեհաստանի կողմից 16 արձակման կայանքների, 208 հրթիռների, ռադարներով 4 ռադիոտեղորոշիչ կայանների ձեռքբերում։ ԱՄՆ-ն նաև համաձայնել է, որ լեհական համալիրներն ինտեգրվեն IBCS համակարգին, որը նախատեսում է մարտի դաշտում գտնվող զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի ստեղծում