Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու վարույթով, 2 մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Առինջ գյուղի 31-ամյա բնակիչը, 37 և 48-ամյա համագյուղացիների հետ համաձայնության գալով Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքի շուրջ, խմբի կազմում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 48-ամյա համագյուղացու կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են տուժողի` Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով նրան: Ժամը 11:24-ի սահմաններում, երբ Է.Ղազարյանը վերադարձել է տուն, 31 և 37-ամյա տղամարդիկ շենքի բակում հետևից մոտեցել և, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխի, դեմքի շրջաններին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով վնաս և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է, որ 48-ամյա տղամարդը ոչ միայն օժանդակել է համագյուղացիներին՝ հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով միջոց տրամադրելով վերջիններիս, այլև Է.Ղազարյանի նկատմամբ գործադրված բռնության ողջ ընթացքը նկարահանել է բջջային հեռախոսով, որից հետո նույնպես դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդուն՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

37-ամյա տղամարդու մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս