Պեսկովը Փաշինյանին հիշեցրել է, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին։
Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica-ին, որում, մասնավորապես, հայտարարել էր, թե Ռուսաստանը իբր դուրս է գալիս հենց Լեռնային Ղարաբաղից։
«Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում. Վերջին լուրջ սրացումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երկիրը կճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի տարածքի հետ մեկտեղ՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը։