Ինդոնեզիայում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 43-րդ գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկանում ենք «Xinhua» գործակալության հրապարակումից։

Այս տարի ԱՍԵԱՆ-ում նախագահող Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն իր բացման խոսքում կոչ է արել լինել միասնական և չդառնալ հարթակ, որը կներկայացնի համաշխարհային տերություններից որևէ մեկի շահերը։

«Թույլ մի տվեք, որ մեր նավը՝ ԱՍԵԱՆ-ը, դառնա մրցակցության ասպարեզ, որը վնաս է հասցնում միմյանց: Դարձրեք մեր նավը հիմք՝ կառուցելու համագործակցություն և ստեղծելու բարգավաճում, կայունություն և խաղաղություն ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար», – ասել է նա։

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը, ինչպես նաև հրավիրված պետությունների և տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվող տարբեր հանդիպումները Ջակարտայում կտևեն մինչև սեպտեմբերի 7-ը։ Առաջիկա երեք օրերի ընթացքում կողմերը կքննարկեն ինտեգրման և որոշ ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Ըստ վերլուծաբանների՝ հանդիպման ընթացքում քննարկվելիք առանցքային թեմաները կարող են լինել Մյանմայի ճգնաժամը և իրավիճակը Հարավչինական ծովի ջրատարածքների շուրջ, որոնք վիճելի են որոշ երկրների տեսանկյունից։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թ․-ին։ Նրա կազմի մեջ են մտնում Բրունեյը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը։

Տեսանյութեր

Լրահոս