Հայաստանի և Իրանի քաղաքացիներից ավելի քան 90 միլիոն դրամ է հափշտակվել. 3 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ԻԻՀ երկու քաղաքացի, մտադրություն ունենալով շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենց ծանոթից տեղեկանալով, որ Երևանի 56-ամյա բնակչուհին կարող է ՀՀ-ում կազմակերպել հիշյալ գործընթացը, 2019թ. հունիս-օգոստոս ամիսներին ժամանել են Երևան: Վերջիններս Երևանում գործող սրճարաններից մեկում հանդիպել են 56-ամյա կնոջ հետ, ով նպատակադրվելով խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար, հայտնել է իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ՝ հավաստիացնելով որ յուրաքանչյուր անձի համար 3.500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց կարող է կազմակերպել շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերումը:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ԻԻՀ վերոնշյալ քաղաքացիները ՀՀ են հրավիրել մի շարք համաերկրացիների։ 56-ամյա կինը, շենգենյան երկրների մուտքի թույլտվության արտոնագրերի ձեռք բերումը կազմակերպելու կեղծ պատրվակով, ԻԻՀ հիշյալ երկու քաղաքացիների միջոցով նրանցից վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 105.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49.980.000 ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակել է:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ ԻԻՀ երկու քաղաքացիները, իրենց մեկ այլ ծանոթի խորհրդով հանդիպել են Երևանի 55-ամյա բնակչին՝ շենգենյան գոտու տարածքում գտնվող երկրների մուտքի թույլտվության արտոնագրի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու նպատակով: Վերջինս, ներկայանալով որպես ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան աշխատակից, նույն մեխանիզմով ԻԻՀ քաղաքացիներից հափշտակել է 21.000 եվրոին և 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ընդհանուր՝ 15.311.000 ՀՀ դրամ գումար: 55-ամյա տղամարդը նույն եղանակով նաև իր ծանոթից է հափշտակել 7.140.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 եվրո գումար՝ վերջինիս դստեր ընտանիքի մուտքը Ֆրանսիայի Հանրապետություն կազմակերպելու պատրվակով:

Բացի այդ, Երևանի 56-ամյա բնակչուհին, ինչպես միայնակ, այնպես էլ նույն քաղաքի 47-ամյա բնակչուհու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մի շարք քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ: Մասնավորապես, տեղեկանալով քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու մտադրության մասին՝ 56-ամյա կինը ներկայացել է, որոշ դեպքերում էլ վերջինիս 47-ամյա հանցակիցը նրան ներկայացրել է որպես ԴԱՀԿ ծառայության աշխատակից, ով կարող է կազմակերպել հիշյալ ծառայությունից աճուրդի միջոցով շուկայականից ցածր արժեքով բնակարանի ձեռքբերումը: 56-ամյա կինը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, բջջային հավելվածի միջոցով նրանց է ուղարկել տարբեր բնակարանների լուսանկարներ, իբրև ԴԱՀԿ աճուրդի մասնակցության վերաբերյալ կազմված իրականում գոյություն չունեցող փաստաթղթեր: Նա նաև ցույց է տվել Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ՝ ձևացնելով, թե իբրև զբաղվում է բնակարանի ձեռքբերումը կազմակերպելու գործընթացով: Քաղաքացիներից ստանալով դրական պատասխան՝ գործարքի համար նախատեսված ծախսերը կատարելու կեղծ պատրվակով, ինչպես նաև որպես կանխավճար 56-ամյա կինը ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և հափշտակել դրանք:

Վերջինս քաղաքացիներից տարբեր չափերի գումարներ է հափշտակել նաև բնակարաններ վարձակալությամբ տրամադրելու կեղծ պատրվակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 56-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ( 3 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով ( 2 դրվագ) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): 47-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Հիշյալ կանանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 55-ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս