Կուբայի իշխանությունները բացահայտել են հանցավոր ցանց, որը հավաքագրում էր կուբացիներին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելու համար
Կուբայի իշխանությունները հայտնել են մարդկանց թրաֆիքինգի հանցավոր ցանցի հայտնաբերման մասին, որի մասնակիցները Կուբայի քաղաքացիներին ստիպել են կռվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում։ Այս մասին տեղեկանում է Կուբայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
«Ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել և աշխատում է՝ չեզոքացնելու և վերացնելու մարդկանց թրաֆիքինգի ցանցը, որը գործում է Ռուսաստանից՝ այնտեղ բնակվող և նույնիսկ Կուբայում բնակվող Կուբայի քաղաքացիներին հավաքագրելով զինված ուժերի շարքեր, որոնք մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Նման փորձերը չեզոքացվել են, և այս գործունեությամբ զբաղվողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել», – ասված է Կուբայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելում է, որ «Կուբայի թշնամիները փորձում են արատավորել երկրի հեղինակությունը և այն ներկայացնել որպես մեղսակից այնպիսի գործողությունների, որոնք մենք կտրականապես մերժում ենք»։
Ըստ հաղորդագրության՝ Կուբան պատմականորեն դեմ է վարձկանությանը և «Ուկրաինայում պատերազմի մաս չէ»։
Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։