17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան
2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով՝ քաղաքացի Գ.Գ.-ին տվել են 70 հազարից մինչև 300 հազար ՀՀ դրամ: Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ:
Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին և 16-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):
Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին՝ Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը) (25 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) (24 դրվագ) և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ) (1 դրվագ): Դատախազը 2023 թվականի հուլիսի 4-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով