34-ամյա տղամարդու դանակահարությունը բացահայտվել է 2 ամիս անց
Հունիսի 27-ին, ժամը 1.10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել էր հաղորդում, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ Գայի պողոտայի շենքի բակում վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել են:
Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Առավոտյան տուժածը պատմել էր, որ կեսգիշերից քիչ անց բակում լսել է վիճաբանության ձայն, մոտեցել ու նկատել է, որ իր ընկերները վիճաբանում են անհայտ անձի հետ: Հենց նա էլ իր մոտենալու պահին դանակով հարվածել է իրեն:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին միայն երկու ամիս անց: Պարզվեց, որ նույն տարածքի բնակիչ հինգ երիտասարդ վիճաբանել են Գայի պողոտայի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու հետ, և վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 34-ամյա տուժածին:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին, ժամը 18-ին, 38-ամյա տղամարդն ինքնակամ եկել է բաժին և ձերբակալվել:
Նա ներկայացվել քննչական բաժին: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: