Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Անկախության տոնի առթիվ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։
«32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
1921 թվականի հուլիսի 5-ից՝ Ադրբեջանին ապօրինի բռնակցվելու պահից և Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գնալով սաստկանում էր Ադրբեջանի վարած ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, բնիկ հայ ժողովրդի հանդեպ ստեղծվել էր ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել էր զինված բախումների, մարդկային զոհերի և հայկական գյուղերի խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման:
Զարգացումների կործանարար ընթացքը կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվեց ԽՍՀՄ գործող Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքից, այն է՝ 1990 թվականի ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի դրույթից, որի համաձայն՝ «ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել ԽՍՀՄ կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև բարձրացնել սեփական պետական իրավական կարգավիճակի հարցը»:
Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերահաստատվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992 թ. հունվարի 6-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված անկախության հռչակագրով։
Երեք տասնամյակ անց Ադրբեջանն իր իսկ սանձազերծած լայնածավալ պատերազմի արդյունքում օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը: Նպատակ ունենալով հասնել Արցախի վերջնական հայաթափմանը՝ 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ շուրջ 9 ամիս շարունակ, Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումները, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, կատարյալ պաշարման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ զրկելով նրան բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, ստեղծելով կյանքի համար անտանելի կենսապայմաններ և մատնելով սովահարության:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախցիների հասցեին անընդհատ հնչեցվող սպառնալիքներն ու հաշվեհարդարի կոչերը` Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ազատության համար պայքարած մեր բոլոր հայորդիներին և գլուխ խոնարհելով արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք, որ Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք՝ շարունակելով իր որդեգրած ուղին և պայքարելով մեր արժանապատիվ լինելիության համար:
Հորդորում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։