Վրաստանի իշխող կուսակցությունը նախաձեռնել է նախագահի իմփիչմենթի գործընթաց
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ։ Այս մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
«Կուսակցության քաղխորհրդում մենք որոշում ընդունեցինք սկսել նախագահի իմփիչմենթի ընթացակարգը», – ճեպազրույցում նրա խոսքից հատված է մեջբերում «РИА Новости»-ն:
Նախօրյակին Կոբախիձեն հայտարարել էր, որ Զուրաբիշվիլին կատարում է կառավարության կողմից հավանության չարժանացած արտասահմանյան այցեր, ինչը խախտում է սահմանադրությունը։ Երկրի հիմնական օրենքի համաձայն՝ պետության ղեկավարը պետք է նախարարների կաբինետի հետ համաձայնեցնի միջազգային ուղևորությունները։
Ինչպես օգոստոսի 30-ին պարզաբանել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, կառավարությունը պատճառներ ունի Զուրաբիշվիլիի այցերը մերժելու համար։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում գնահատվել է որպես «Վրաստանի եվրոպական ինտեգրման դեմ» ուղղված:
Նախարարների կաբինետը չի համաձայնեցրել նախագահի այցերը տասը երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա։
Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ օգոստոսի 31-ից պետության ղեկավարը հանդիպումներ է սկսում եվրոպացի առաջնորդների հետ՝ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցություն ձեռք բերելու համար, որը երկիրն ակնկալում է ստանալ դեկտեմբերին։