Բաժիններ՝

Շրջափակված Լեռնային Ղարաբաղի կրթօջախներում մեկնարկել է ուսումնական գործընթացը

Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում կրթօջախներում սեպտեմբերի 1-ին հնչել է նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող առաջին զանգը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին նախարարությունը շրջանների եւ Ստեփանակերտի ոլորտային պատասխանատուների հետ առցանց քննարկումներ է կազմակերպել սեպտեմբերի մեկից ուսումնական գործընթացը սկսելու համար առկա խնդիրները վեր հանելու նպատակով։

Քննարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները հիմնականում վերաբերվել են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով գրենական պիտույքների սղությանն ու բացակայությանը, աշակերտների թերսնմանը, ներքաղաքային ու միջհամայնքային երթուղայինների բացակայությանը։

«Առկա է նաեւ մասնագետների խնդիր: Բացի այդ, ունենք ավելի քան 300 ուսուցիչ, որոնք դասավանդելու համար մի բնակավայրից մյուսն էին հասնում տրանսպորտով։ Այս հարցերը քննարկվել են համապատասխան կառույցների ու երկրի ղեկավարության հետ` եզրահանգելով, որ ամեն դեպքում սեպտեմբերի 1-ին պետք է մեկնարկենք ուսումնական գործընթացը»,- մանրամասնեց նախարարը` նշելով, որ նոր ուսումնական տարվա առաջին տասնօրյակում մշտադիտարկում կիրականացվի անհաղթահարելի խնդիրները պարզելու համար:

«Այդ ժամանակահատվածը փորձաշրջան է, որը ցույց կտա ի վիճակի ե՞նք դպրոցներում շարունակել ուսումնական գործընթացը, թե անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել»,- ընդգծեց Նորայր Մկրտչյանը։

Վան Նովիկով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս