ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։
«Սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։