Լաչինի «ճանապարհը» «Ադրբեջանի տարածքն է», Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ադրբեջանն «ազատ է» ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում իր «ինքնիշխան տարածքների» վերաբերյալ, որը «ներառում է Լաչինի ճանապարհը» Հայաստանի հետ սահմանին։
Այս մասին Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
«Լաչինի ճանապարհը (Լաչինի միջանցք) Ադրբեջանի տարածքն է, Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում: Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանային կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Այստեղ մեծ նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ասել է թուրք նախարարը։
«Թուրքիայի ուժն Ադրբեջանն է, Ադրբեջանի ուժը՝ Թուրքիան»,- եզրափակել է նա։