
Երևանում կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը

Երևանում հուլիսի 29-ին կայացել է Ուկրաինայի հայերի միության համաժողովը։
Ինչպես հաղորդում է Kyivinform-ը, hամաժողովին ներկա են եղել գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, “Допомога” կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված հատուկ հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Քննարկվել են Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ՈւՀՄ և հայ համայնքի առջև առաջացած մարտահրավերներն ու դրանց պատշաճ կերպով արձագանքելու քայլերը, Միության կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոխումներն ու հետագա գործունեությունը:
Համաժողովի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։ Համաժողովի մյուս կարեւոր որոշումների մասին կհայտարարվի առանձին:
Համաժողովի շրջանակներում նաև Ուկրաինայի հայերի միության պատվիրակները հանդիպում են ունեցել Ուկրաինայից Հայաստան գաղթած անձանց հետ։
Նշվում է, որ հանդիպման նպատակն էր ցուցաբերել համապարփակ աջակցություն և օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել նոր միջավայրում: