Պակիստանում անվանել են 54 մարդու կյանք խլած ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչին
Պակիստանի հյուսիս-արևմուտքում հուլիսի 30-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 54-ի, 150 մարդ վիրավոր է։ Ուժային կառույցների պաշտոնյաների կարծիքով՝ պայթյունն, ամենայն հավանականությամբ, կազմակերպել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը։ Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր 44 զոհի և 100 վիրավորի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Բաջաուրի շրջանում։ Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել իշխող կոալիցիայի մաս կազմող «Իսլամական աստվածաբանների ժողով» կրոնական քաղաքական կուսակցության համագումարում։ Դահլիճում, որտեղ անցկացվում էր համագումարը, եղել է 400 հոգի։ Ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է կուսակցության գլխավոր քարտուղարը։
Բաջաուրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նահանգի մայրաքաղաք Փեշավարի հիվանդանոցները բերվել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի: Վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, այնպես որ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կարգադրել է հետաքննություն սկսել և գտնել մեղավորներին։ Ահաբեկչությունը դատապարտել են Աֆղանստանը, Իրանը և ԱՄՆ-ն: