Բաժիններ՝

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում, որտեղ ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

Վերջինիս իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները – Tert.am)։

Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել:

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Արցախցու դուստր Ծովինար Խաչատրյանը, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հերքել են Ադրբեջանի մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս