Արևմտյան Աֆրիկայի երկրները Նիգերի խունտային սպառնացել են ռազմական միջամտությամբ
Անցյալ շաբաթ Նիգերում իշխանությունը զավթած խունտան հայտարարել է, թե իշխանությունից զրկված կառավարությունը Ֆրանսիային, ենթադրաբար, թույլտվություն է տվել ավիահարվածներ հասցնել նախագահական պալատին՝ այնտեղ պահվող նախագահ Մոհամեդ Բազումին ազատ արձակելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հեղաշրջման կազմակերպիչներից գնդապետ Ամադու Աբդրամանը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ նման թույլտվություն ստորագրել է երկրի արտաքին գործերի նախարարը։
Նիգերը Ֆրանսիայի նախկին գաղութն է։ Ֆրանսիան դատապարտել է հեղաշրջումը և կոչ արել, որ Բազումին վերադարձվեն նախագահական լիազորությունները։
Ավելի վաղ Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները Նիգերի խունտային սպառնացել էին ռազմական գործողություններ ձեռնարկել խունտայի դեմ։
Ըստ BBC-ի՝ աֆրիկյան երկրների ղեկավարները խունտային 7 օր են տվել նախագահ Բազումի լիազորությունները վերականգնելու համար։ Իր հերթին խունտան հայտարարել է, որ կդիմակայի տարածաշրջանային կամ արևմտյան երկրների կողմից «Նիգերի դեմ ագրեսիայի պլաններին»։
Հաղորդվում է նաև, որ հեղաշրջման աջակիցները մայրաքաղաք Նիամեյում Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույց են անցկացրել։