Նախարարը ծաղկեցնում է Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարությունը հերթական գնումն է կատարել։
Նախարարության և այս ընկերության միջև գնման պայմանագիրը կնքվել է հուլիսի 21-ին։
Ըստ իշխանական պատգամավորի ընտանեկան բիզնեսի և պետական գերատեսչության միջև կնքված պայմանագրի՝ 5 միլիոն 600 հազար դրամով «Սիլ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրելու է Ոստիկանության մեքենաները. ապահովագրվող մեքենաների քանակը գնման պայմանագրում նշված չէ։
Նշենք, որ այս գնումն իրականացվել է մեկ անձից ընթացակարգով, ինչը նշանակում է, որ ապահովագրական այլ ընկերություններ հնարավորություն չեն ունեցել մրցույթի մասնակցելու և ցածր գին առաջարկելու, և Ներքին գործերի նախարարությունում կայացվել է որոշում, որ պետության կարիքների համար էժան և որակյալ ծառայություն կարող է մատուցել հենց «Սիլ ինշուրանս» ընկերությունը։
Հիշեցնենք, որ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով բիզնեսի և քաղաքականության սերտաճման անթույլատրելիության մասին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հրաչուհի Հարությունյանն ընդգծել էր, որ իրենց հանձնաժողովը զբաղվում է «Սիլ Ինշուրանս» ընկերության և պետական գերատեսչությունների միջև կնքված մեկ անձից գնման պայմանագրերով։ Հարությունյանը չէր բացառել, որ կարող է բարձրացվել Խաչատուր Սուքիասյանին մանդատից զրկելու հարցը։