Ճապոնիայում վերագործարկել են երկրի ամենահին ատոմակայանի ռեակտորը
Ճապոնիայի Kansai Electric Power օպերատոր-ընկերությունը վերագործարկել է երկրի ամենահին «Տակահամա» ատոմակայանի առաջին էներգաբլոկը Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Նշվում է, որ այս ռեակտորը վերագործարկվել է 2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով երկրում կանգնեցրին բոլոր ատոմակայանները։
Մինչև «Ֆուկուսիմա-1»-ի վթարն ատոմային էներգիային բաժին էր ընկնում Ճապոնիայի էներգետիկ հաշվեկշռի մոտ 30%-ը։ Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետևանքով երկրի էներգամատակարարման հիմնական բեռն ընկել է ջերմային կայանների վրա։ Էլեկտրաէներգիայի շուկայում պահանջարկի և առաջարկի հավասարակշռության լարված իրավիճակի պատճառով Ճապոնիայի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այն ռեակտորների վերագործարկմանը, որոնք կանգնեցվել են «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո։ Ներկայումս Ճապոնիայում մասնակիորեն գործում են երկրում գոյություն ունեցող 17 ատոմակայաններից 10-ը: