Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակով

Նիդերլանդները լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով։ Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։

Նիդերլանդների ԱԳՆ-ն նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որով Ադրբեջանին կոչ է արվում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում։

«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- ասված է Նիդերլանդների ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։

Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 42 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։

Տեսանյութեր

Լրահոս