Բաժիններ՝

Վրաստանի և Չինաստանի ղեկավարները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերություն են հաստատում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Չենդու քաղաքում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Երկու երկրների ղեկավարները հայտարարել են Չինաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռուստատեսության հրապարակումից։

«Վրաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ բարեկամությունն ու գործընկերությունը, և ես երախտապարտ եմ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության հասցնելու Ձեր որոշման համար, որը, կարծում եմ, կոնկրետ արդյունքներ և օգուտներ կբերի երկու կողմերին», – ասել է Ղարիբաշվիլին՝ իր այցը Չինաստան որակելով որպես պատմական։

Իր հերթին Սի Ծինփինը նշել է, որ երկու երկրները պետք է նպաստեն ռազմավարական գործընկերության առողջ, կայուն զարգացմանը։

«Վրաստանը Չինաստանի բարեկամն ու լավ գործընկերն է․․․ Չինաստան կատարած Ձեր այցի ընթացքում կհրապարակվի համատեղ հայտարարություն։ Կհայտարարվի, որ Վրաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատում։ Այդպիսով մեր երկկողմ հարաբերությունները կտեղափոխվեն նոր մակարդակ», – ասել է Չինաստանի նախագահը։

Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին մասնակցել է Չենդուում Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի 31-րդ խաղերի բացման արարողությանը։ Այս տարի խաղերին մասնակցում է 50 վրացի ուսանող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս