Կալանավորին փախցնել չհաջողվեց
Հուլիսի 26-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանը շրջայց կատարելիս խցերից մեկի դիտանցքից նկատում է, որ կալանավորը դրսևորում է անհանգիստ վարք: Մտնում է խուց՝ պատճառը հասկանալու համար։ Կալանավորի հետ զրույցի ժամանակ հանկարծ բացվում է խցի պատուհանը և դրսից լսվում են կալանավորի անունը կանչող ձայներ։ Ոստիկանն անմիջապես դուրս է գալիս, կողպում դուռն ու սեղմում ազդանշանային կոճակը։
Ահազանգով ոտքի է հանվում բաժնում հերթապահող անձնակազմը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ: Ձերբակալվածների պահման վայրի տարածքը ստուգելիս բացօթյա զբոսաբակի ցանցապատ տանիքի վրա հայտնաբերվում է սավանի մեջ փաթաթված մետաղ հատող գործիք:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 1.30-ին Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում, ձերբակալվածների պահման վայրից կալանավորին ապօրինի ազատելու փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվում և, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխվում երեք տղամարդ՝ երեքն էլ երևանցի: Նրանց բռնելու վայրի զննությամբ հայտնաբերվել է դանակ ու փայլաթիթեղի փաթեթ` բյուրեղանման զանգվածով:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Մեկ այլ ձերբակալվածի մարմնի զննությամբ` նախաբազուկներին եղել են քերծվածքներ:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: